ՄԱԿ

Մակը հիմնադրվել է 1945 թվականին։ Նրան անդամակցում են 193 պետություն։

ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներն են անգլերենը, ֆրանսերենը, չինարենը, իսպաներենը, ռուսերենը և արաբերենը:

Մակի հիմնական մարմիններն են

  1. ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՆ,

Գլխավոր ասամբլեայի որոշումները կրում են խորհրդատվական բնույթ. Այն ընտրում է անվտանգության խորհրդի, տնտեսական և սոցիալական խորհրդի ոչ մշտական անդամներին։

Նաև իրականացնում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ: Գլխավոր ասամբլեայում ներկայացված են ՄԱԿ անդամ բոլոր պետությունները: Գլխավոր ասամբլեան ունի 6 հիմնական կոմիտե.

  1. առաջին կոմիտե (զինաթափման և միջազգային անվտանգության),
  2. երկրորդ կոմիտե (տնտեսական և ֆինանսական),
  3. երրորդ կոմիտե (սոցիալական, հումանիտար և մշակութային),
  4. չորրորդ կոմիտե (հատուկ քաղաքական և ապագաղութացման),
  5. հինգերորդ կոմիտե (վարչական և բյուջետային),
  6. վեցերորդ կոմիտե (իրավական):
  1. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ,

Անվտանգության խորհուրդը պատասխանատվություն է կրում միջազգային խաղաղության և անվտանգության համար։ Խորհրդի որոշումները բանաձևերը, կրում են պարտադիր բնույթ։ Անվտանգության խորհուրդը բաղկացած է 15 անդամներից, որոնցից հինգը ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանն ու Չինաստանը մշտական անդամներն են և ունեն վետոյի իրավունք, իսկ տասը` ոչ մշտական անդամներն են և ընտրվում են երկու տարի ժամկետով:

  1. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ,

Տնտեսական և սոցիալական խորհուրդը զբաղվում է տնտեսական, սոցիալական, բնապահպանական խնդիրներով, ինչպես նաև միջազգայնորեն համաձայնեցված զարգացման նպատակների իրականացմամբ: Տնտեսական և սոցիալական խորհուրդը ունի 54 անդամ ընտրված գլխավոր ասամբլեայի կողմից երեք տարի ժամկետով:

  1. ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ,

Խնամակալության խորհուրդը հիմնադրվել է 1945 թվականին, համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 8-րդ գլխի: Այն պետք է իրականացներ միջազգային վերահսկողություն 11 տարածքների հանդեպ, որոնք հանձնվել էին ՄԱԿ անդամ 7 երկրների խնամակալությանը և ապահովեր խելամիտ քայլերի իրականացումն այդ տարածքների հետագա ինքնորոշման և անկախացման համար: 1994 թվականի մայիսի 25-ի համապատասխան բանաձևով խորհուրդը դադարեցրել է իր գործունեությունը և համաձայնվել վերսկսել աշխատանքներն անհրաժեշտության պարագայում:

  1. ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԸ,

Արդարադատության միջազգային դատարանը ՄԱԿ-ի առանցքային դատական մարմինն է: Այն ՄԱԿ-ի միակ հիմնական մարմինն է, որ տեղակայված չէ Նյու Յորքում, այլ գտնվում է Հաագայում: Դատարանի հիմնական նպատակն է քննել անդամ երկրների միջև ծագած իրավական վեճերը ինչպես նաև իրավական հարցերի վերաբերյալ կայացնել խորհրդատվական որոշումներ:

  1. ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ:

Քարտուղարությունն իրականացնում է ՄԱԿ-ի ամենօրյա գործունեությունը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կազմակերպության գլխավոր վարչական պաշտոնյան է, ով նշանակվում է գլխավոր ասամբլեայի կողմից անվտանգության խորհրդի առաջարկով 5 տարի ժամկետով վերանշանակվելու հնարավորությամբ: ՄԱԿ-ի ներկայիս գլխավոր քարտուղարն է Անտոնիու Գուտերեշը, ով պաշտոնը ստանձնել է 2017 թվականի հունվարի 1-ից:

Թողնել մեկնաբանություն